Հայաստանում գրանցվել կորոնավիրուսի առաջին դեպքը. հրատապ ասուլիս (ուղիղ)
Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է, այսօր՝ մարտի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքի մանրամասները:
«Վերջին տվյալներով, քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել է, այս պահին որևէ սիմպտոմ չունի, չնայած դիմելու պահին ունեցել է բարձր ջերմություն: Ասեմ, որ նրա կնոջ մոտ վիրուսի հետ կապված թեստը բացասական է ցույց տվել»,-ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ 117 թեստավորում է կատարվել, որից մեկն է հաստատվել:
Նախարարը վստահեցրեց, որ երկրում կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Նա նշեց, որ կառավարության արտահերթ նիստում որոշում էր կայացվել սահմանափակել Իրանի հետ ուղևորաշրջանառությունը՝ որոշակի բացառություններով: Այն է ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, Իրանի քաղաքացիներն էլ՝ Իրան:
«Հաճախ նշվում էր, թե ինչու ամբողջությամբ չի փակվել սահմանը: Ասեմ, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը չի կարող սահմանափակվել: Հետևաբար՝ մեր քաղաքացիները իրավունք ունեն վերադառնալ իրենց երկիր»,-ասաց նա:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկել եւ չեղարկել են այսօր կայանալիք Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը: