«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի. նոր դեպք չկա

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի. նոր դեպք չկա

Հայաստանում մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է գրանցվել, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին, հաղորդված վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 190 դեպք, ինչից հետո դեպքերի թիվն աճել է 4-ով:

«Մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: 

Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»: Այդ մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն-ից։

 


Մեր մեծագույն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում մենք չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր։ Այս  մասին մարտի 22-ին ֆեյսբուքի ուղիղ եթերով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը:

Նրա խոսքով` կառավարության որոշումները բաժանված են երկու ուղղության.

1. Կորոնավիրուսի տարածման կանխարգելում

2. Տնտեսական իրադրություն

«Մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք մեր տնտեսությանը և տնտեսվարողներին։ Մենք արդեն պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար։

Բանկերը կարող են այնքան էլ հակված չլինել այս ծրագրերի շրջանակում լայնորեն վարկավորել գյուղացիներին։ Մենք որոշել ենք, որ կառավարությունը պետք է որոշակի մասնակցություն ունենա։  Անհատների համար, որոնք կզբաղվեն մեր առաջարկած գյուղացիական ռազմավարական ծրագրերով, կառավարությունը նախ կզրոյացնի տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն անհատների պարագայում մինչև 30 տոկոս։ Մենք ենթադրում ենք, որ այս ծրագրերով շատ հեշտությամբ վարկեր կստանան բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն լավ վարկային պատմություն։ Իսկ ի՞նչ պետք է անեն այն գյուղացիները և ֆերմերները, որոնց վարկային պատմությունն այնքան էլ լավը չէ։ Բոլոր այն դեպքերում, երբ հնարավորություն չկա անհատապես ստանալու այսպիսի վարկային միջոցներ, մենք առաջարկում ենք, որ մեր հայրենակիցները համայնքներում ձևավորեն գյուղացիական կոոպերատիվներ, և այդ պարագայում կառավարությունը այս ծրագրերին մասնակցություն կունենա 50-60, հնարավոր է՝ նույնսիկ 70 տոկոսով»,- ասել է Փաշինյանը։

Սննդամթերք վաճառող խանութներին կոչ ենք անելու հատուկ ժամեր սահմանել տարեց գնորդների համար, որպեսզի այդ ժամերին կարողանան գնումներ կատարել տարեց բնակիչները։ Այս մասին  մարտի 22-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ 

«Իտալիում մահվան դեպքերը տարեց բնակիչների շրջանում է գրանցվել, որոնք ունեցել են երեք կամ ավելի խրոնիկ հիվանդություններ։ Տարեցները ամենախոցելին են, այդ պատճառով մենք կոչ ենք անելու մեր մթերային խանութներին ժամեր սահմանել տարեցների համար։ Հավանաբար, դա կլինի 10-ից 12-ը, իսկ մեր մյուս քաղաքացիներին կոչ ենք անելու այդ ժամերին չգնալ մթերային խանութներ եւ, ընդհանրապես, այդ շրջանում տատիկ պապիկների հետ արժե շփվել միայն սկայպով»,- ասել է Ավինյանը։ 

Անդրադառնալով ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ մտցված՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթին՝ Ավինյանն ասել է, որ դրանով հստակեցվելու են ինքնամեկուսացման պայմանները, սահմանվելու են վերահսկողական մեխանիզմներ, իսկ դրանք խախտողների համար՝ տուգանք։ Այս պահին ինքնամեկուսացման ցուցում են ստանում այն մարդիկ, որոնք երկրորդային շփում են ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ, իսկ առաջնային շփում ունեցողները մեկուսացվում են կառավարության կողմից։ Ինքնամեկուսացման ցուցում ստացածների բոլոր տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, առողջապահության նախարարության տրամադրության տակ են։

Ավինյանը նշել է, որ այն մարդկանց համար, որոնց ինքնամեկուսացման ցուցում չի տրված, տեղաշարժման որևէ արգելանք չկա։ Ինչ վերաբերում է տնտեսական գործունեություն իրականացնողների նկատմամբ սահմանված սահմանափակումներին, պարետի խոսքով՝ շուտով իրենք կհրապարակեն այն տնտեսվարողների հստակ ցանկը, որոնց գործունեությունը արգելվելու է արտակարգ դրության պայմաններում: Դրանք հիմնականում այն վայրերն են, որտեղ կա մարդկանց մեծ կուտակում եւ որոնք կապված չեն սննդի մատակարարման հետ։