«Հայաստանը պետք է հրաժարվի Փաշինյանից. նա մոտեցնում է կործանումը». Արմեն Բաղդասարյան
«Միջազգային հանրությունը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«Միջազգային հանրությունն այս իրավիճակում Հայաստանին օգնելու կամ տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու որևէ շահ չունի, դրա համար էլ ոչ թե միջազգային հանրությունը, այլև իրենց դիտորդները շատ հաճախ չեն տեսնում, ասում են նաև, որ իրենք խնդիր էլ չունեն տեսնելու և պարտավոր չեն լինել ամեն տեղ, որտեղ միջադեպեր են լինում: Սա հասկանալի է, թե ինչու է արվում, որովհետև մեծ հաշվով, Արևմուտքի նպատակը մեր տարածաշրջանում ոչ թե խաղաղություն հաստատելն է, այլ մեր տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը: Իրենց համար կարևոր խնդիր է մեր տարածաշրջանում Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը և հետագայում Իրանի դեմ ինչ-որ գործողությունների համար ավելի հարմար պլացդարմ ստեղծելը»:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ եթե Ռուսաստանը շարունակի խրված մնալ Ուկրաինայում, այդ դեպքում հրատապ է դառնում տարածաշրջանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելը՝ ադրբեջանական ագրեսիայի միջոցով.
«Այդ դեպքում Ռուսաստանը կա՛մ կգա ինչ-որ ֆորմատներով պաշտպանելու իր դաշնակցին, և այդ դեպքում կներքաշվի երկրորդ ճակատով ռազմական գործողությունների մեջ, կա՛մ Ռուսաստանը չի մասնակցի և ավտոմատ կերպով դուրս կմղվի տարածաշրջանից, որովհետև, եթե չի մասնակցում, հասկանալի է, որ այստեղ այլևս անելիք չունի:
Հայաստանի իշխանությունների ֆունդամենտալ սխալն այն է, որ խաղաղություն փնտրում են այն հարթակում, որին այդ խաղաղությունը պետք չէ. նրանք Արևմուտքում են խաղաղություն փնտրում, իսկ Արևմուտքին մեր տարածաշրջանում խաղաղություն չի պետք: Ընդ որում՝ նրանք բացահայտ դա էլ ասում են, գուցե գեղեցիկ հնչող հայտարարություն են անում, բայց որևէ երաշխիք չեն տալիս և դրա իրականացման որևէ մեխանիզմ չունեն: Լավագույն ապացույցը Հաագայի դատարանի վճիռն է, որից հետո ոչ միայն չբացվեց, այլ բնապահպաններին փոխարինեցին ադրբեջանցի սահմանապահները, այսինքն՝ ռեժիմն ավելի խստացվեց՝ դատարանի վճիռը կատարելու փոխարեն»:
Հարցին՝ այսինքն՝ հայկական շահերի տեսանկյունից ավելի ձեռնտու են Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող բանակցություննե՞րը, նա պատասխանեց.
«Մեծ հաշվով, այո, այլ հարց է, որ Հայաստանը պետք է հասկանա, թե այդ ոլորտում ինչ կարող է ակնկալել, և դրա դիմաց Ռուսաստանը մեզանից ինչ է պահանջելու: Հայաստանի իշխանությունները չեն հաշվարկում հնարավորությունները, ռիսկերը, ինչը սխալ է, որովհետև երկու ֆունդամենտալ հարցերում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանում և Արցախում հայկական բնակչություն, շահագրգռված են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը: Բնականաբար, նրանք էլ ելնում են իրենց շահերից՝ Ռուսաստանին պետք է Հայաստան՝ որպես պլացդարմ, և պետք է Արցախում հայկական բնակչություն, որովհետև այդ դեպքում իրենք այնտեղ ռազմական ներկայություն ունեն: Իրանին պետք է Հայաստանի տարածքային ամբողջականություն և պետք է, որ Արցախում հայեր ապրեն, որովհետև եթե այնտեղ հայեր չապրեն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն այդ տարածքները կբնակեցնի Իրանի համար թշնամական տարրերով: Այսինքն՝ եթե այդ երկու ֆունդամենտալ հարցերում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի շահերն ինչ-որ տեղ համընկնում են, բնականաբար, ավելի շահեկան պետք է լինի այդ հարթության մեջ բանակցելը»:
Արմեն Բաղդասարյանը վստահ է, որ Հայաստանի գործող իշխանությունները որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու.
«Նիկոլ Փաշինյանը միանգամից շատ թույլ դիրքերում է հայտնվելու՝ հենց որևէ փաստաթուղթ ստորագրի: Այլևս ոչ մի միջազգային բևեռի պետք չի լինելու, և այդ ստորագրված փաստաթուղթը Հայաստանի և Արցախի համար շատ ցավոտ է լինելու՝ նույնիսկ իր լավագույն տեսքով: Այսինքն՝ միանգամից բոլորի համար ակնհայտ է դառնալու, թե ինչ աղետի նա հասցրեց երկիրը: Այդ իրավիճակում նա չի կարողանալու պահպանել իր իշխանությունը: Նա հիմա իր իշխանությունը կարողանում է պահպանել, որովհետև ցույց է տալիս, որ Հայաստանն անընդհատ թուլանում է, այլընտրանք չունի, և մարդկանց շարունակում է խաբել, խոստանալ խաղաղության դարաշրջան: Փաստաթղթի ստորագրման պարագայում ակնհայտ է դառնալու, որ խաղաղություն չի բերելու այդ փաստաթուղթը»:
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ Ալիևի հայտարարություններն օգտագործելով՝ պետք է հրաժարվել բանակցություններից, նա արձագանքեց.
«Ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի բանակցություններից, այլ Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի Նիկոլ Փաշինյանից, որովհետև այդ բովանդակությամբ, այս բառապաշարով ժամանակ ձգել՝ նշանակում է մոտեցնել կործանումը: Իրավիճակն այդքան անհույս չէ, կան հարթակներ, պոտենցիալ դաշնակիցներ, պարզապես պետք չէ նրանցից երես թեքել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրի տեսանյութում: