Հայտնաբերվել է ևս 30 զինծառայողի աճյուն
Ադրբեջանական կողմը երեկ` հունվարի 23–ին, հայկական կողմին է վերադարձրել ևս 30 զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշել է, որ ադրբեջանցիներն աճյունները փոխանցել են հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը:
«Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով։ 2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել»,–գրել է նա:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:
Տեղեկացվում է, որ հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: