Հայտնաբերվել է ևս 8 աճյուն
Երեկ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ևս ութ մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Ութ մարմին է հայտնաբերվել։ Մեկը քաղաքացիական անձ է` Արսեն Ղահրամանյանը, որը Հադրութ քաղաքի բնակիչ էր` ծնված 1976 թվականին։ Նրա մարմինը գտել են հենց Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքից։ Հարազատները հագուստից և հեռախոսից ճանաչել են նրա ինքնությունը։
Զինծառայողներից մեկի մարմինը գտել են նույն տարածքում` Այգեստան գյուղում, 5 մարմին` Ջաբրայիլի տարածքից, 1-ն էլ` Դավիթ Բեկի նախկին վարչական տարածքից`Սյունիքի մարզից»,–ասաց Թադևոսյանը։
Զինծառայողների ինքնությունը պարզելու նպատակով ԴՆԹ փորձաքննություն է նշանակվել։
Թադևոսյանը հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլու ուղղություններով։
Բացի այդ, որոնողական աշխատանքներ կիրականացվեն նաև Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում, որն այժմ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո է։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1246 մարմին։