«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ հունիսի 21-ի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

««Ռ. Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը, հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած գործելաոճին՝ շարունակում է դատաքննության գործընթացից դուրս տարբեր ձևաչափերով նշված քրեական գործին առնչվող նյութերի փաստական հանգամանքների աղճատման, բուն քննության դատավարական ընթացակարգերն ու իրավակարգավորումները յուրովի մեկնաբանությունների ենթարկելու, այդ համատեքստում իրենց դատավարական հակառակորդների գործողությունների իրավաչափության վերաբերյալ հանրային խեղաթյուրված կարծիք ձևավորելու փորձերը:

Դրա  հերթական դրսևորումներն էին այսօր հրավիրված ասուլիսում նրանց կողմից, իրավական դաշտից դուրս գալով, իրավաբանական մտքի տարատեսակ զիգզագներով, երբեմն ուղիղ տրվող հարցերին մանիպուլյատիվ, խուսափողական պատասխաններով, հուզական տոնայնությամբ արված հայտարարությունները՝ համեմված ՀՀ դատախազության հասցեին վիրավորական, մասնագիտական ու մարդկային էթիկայի տարրական նորմերից դուրս արտահայտություններով:

Հարկ չհամարելով կրկին անդրադառնալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումների դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելու  ՀՀ դատախազության միանգամայն լեգիտիմ և մի քանի անգամ հստակ պարզաբանված իրավունքների վերաբերյալ պաշտպանների նույնաբովանդակ, իրավական կիսաճշմարտությունների վրա կառուցվող մեկնաբանություններին՝ ընդգծում ենք հետևյալը: 

Փոխանակ իրապես զբաղվելու իրենց պաշտպանյալի լեգիտիմ շահերի բովանդակային պաշտպանությամբ և ՀՀ դատախազության ներկայացուցիչների օրինակով հանդես բերելու պատշաճ, ադեկվատ վարքագիծ՝ կիրառվող տեղեկատվական հոսքերի ուղղորդման մանիպուլյացիոն հնարքները նրանք փաստացի դարձրել են միջոց՝ բողոքների քննության ողջ ընթացքում տարատեսակ միջնորդություններով գործընթացը ձգձգելու, խոչընդոտելու վարքագծով Վերաքննիչ դատարանին արդեն հայտնի մոտեցումը ցուցաբերելու հիմքեր տալու և այդպիսով պաշտպանության կողմի ձախողման իրողությունը սքողելու, արդարացնելու համար: 

Այս ճանապարհին գռեհիկ, էթիկայի, մասնագիտական պատշաճության և բարեկրթության հետ որևէ աղերս չունեցող որակումներով ու գնահատականներով, դատական քննության ընթացքում մեղադրող կողմի ելույթների առանձին հատվածներ խեղաթյուրելով, համատեքստից կտրելով փորձ է արվում թիրախավորել ՀՀ դատախազությանը և անձամբ ՀՀ գլխավոր դատախազին՝ թերևս նպատակ ունենալով վերջիններիս դուրս բերել այս ողջ ընթացքում բացառապես իրավական դաշտում մնալու ողջախոհ վարքագծից և ներքաշել արտադատական էժան ներկայացումների մեջ: 

Վստահորդին վճարովի ծառայություններ մատուցելու մտահորիզոնին հարիր պատկերացումները, մարդկանց սեփական հանրահայտ արշինով չափելու հանգամանքը տվյալ դեպքում կոնկրետ պաշտպանին թույլ չի տալիս ըմբռնելու, որ ի հակադրություն փաստաբանին օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր պաշտպանյալի շահերը պաշտպանելու իրավունքի, որը տվյալ գործի համատեքստում հաճախ է չարաշահվում, մեղադրող կողմը՝ ՀՀ դատախազությունը, առավել ևս պետության և հասարակության համար բացառիկ նշանակության նման գործի շրջանակներում պարտավոր է և գործում է բացառապես օրենքի տառին համապատասխան: 

Ուստի, պաշտպանական թիմին կրկին հորդորում ենք դադարեցնել բողոքների քննության ընթացքում սեփական ձախողումից առաջացած նման ջղաձգումները, զերծ մնալ մանիպուլյացիոն փորձված մեթոդներով հանրային կարծիք գեներացնելու, դատական գործընթացի համար արհեստական խոչընդոտներ հարուցելու,  սեփական պատասխանատվությունն արհեստականորեն այլոց վրա բարդելու փորձերից և մնալ բացառապես իրավական հարթության շրջանակում:

Վերջում ի գիտություն պաշտպանների, տեղեկացնենք, որ 18 մլն դոլարին համարժեք գումարը անմիջական մուտքեր են մեղադրյալի որդու բանկային հաշվին, այլ ոչ թե պաշտպանների ավանդական դարձած մանիպուլյացիոն անհասկանալի մեկնաբանություններով ներկայացվող՝ ինչ-որ հաշվի շարժ»,- նշված է հաղորդագրության մեջ: