ՀՀ իշխանության երեք ղեկավարները միասին այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` կառավարության անդամների ուղեկցությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգևոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: