ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը
Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀԺԿ»-ն նպատակահարմար է համարում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է ԱԺ-ի կողմից ներկայացված սահմանադրական փոփոխության առաջարկին:
Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը», նշում է Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցության տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին հայտարարություն էր տարածել նաև Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):
«...Օրինակարգ Սահմանադրական դատարանի ձևավորումը դիտարկելով որպես ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվան՝ Հայ ազգային կոնգրեսը կողմ է Ազգային ժողովի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին...»:
«...Համոզված լինելով, որ նշված փոփոխությամբ սոսկ լուծվում է սահմանադրական կարգին առնչվող մասնավոր խնդիր, պնդում ենք, որ գործող Սահմանադրությունն օրինակարգ չէ և, պահպանվելու պարագայում, այն դեռևս բազմաթիվ փորձանքներ է բերելու մեր երկրի գլխին։ Ուստի վերահաստատում ենք, անկախության ձեռքբերումից ի վեր հաստատված կառավարման մոդելի հիմքով, ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունելու մեր պահանջը և հայտարարում, որ այդ խնդրի լուծումը առաջիկա ժամանակաշրջանի համար պետք է դառնա մեր պետության օրակարգի գլխավոր հարցը...»:
Այդ մասին ասված է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության տարածած հայտարարությունում։