Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Նիկոս Դենդիասին կընդունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: Երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով և ընդգրկում է քաղաքական, պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներ: Երկու երկրների միջև առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. Հայաստանը և Հունաստանը ունեն մինչ օրս ստորագրված ավելի քան 40 իրավական փաստաթուղթ: