«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը (տեսանյութ)

Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը (տեսանյութ)

Կրեմլը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահի Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի` Սոչիում համաձայնեցրած հայտարարության տեքստը։

«Մենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպեցինք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից»,– ասված է հայտարարությունում։

Կողմերը համաձայնել են լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում` երեք երկրի ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
«Պայմանավորվեցինք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել և լուծել բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի` 1991թ. հռչակագրի համաձայն»,– ասված է հայտարարությունում:

Կարևորվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստումը՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով: Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ կաջակցի դրան։

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրել ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները։  Պուտինն այս հայտարարությունն արել է  Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած  ասուլիսի ժամանակ (տեսանյութ)։

Խոսելով հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման մասին` Պուտինն ասել է, որ դա կարևորագույն հարց է, և այսօր խոսել են այդ հարցի շուրջ։
«Կան որոշ նախադրյալներ, որ ընդհանուր առմամբ ճանապարհը գտնվել է։ Եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։ Մենք շատ ենք խոսել այդ մասին։ Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, որոնք մեր տրամադրության տակ են»,– նշել է ՌԴ նախագահը։

Նա վստահեցրել է, որ դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, և Ռուսաստանը պատրաստ է դրա հիման վրա առաջ շարժվել` քննարկելով կողմերի հետ։ ՌԴ նախագահը շեշտել է` պայմանավորվել են (Փաշինյանի և Ալիևի հետ,– խմբ.), որ այդ շփումները, բանակցությունները կշարունակվեն։

Պատասխանելով հարցին` արդյոք քննարկում եղել է ղարաբաղա–ադրբեջանական սահմանին տեղակայված ռուս խաղաղապահների զորախմբի մանդատը երկարաձգելու վերաբերյալ` նա ասել է, որ խոսել են այդ մասին։
«Դրա համար անհրաժեշտ է համատեղ պայմանավորվածություն, դա կախված կլինի այլ հարցերից, խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումից, սահմանազատումից ու սահմանագծումից։ Եթե այդ հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցը այլ կերպ կդրվի, եթե չլուծվեն կամ որոշ չափով լուծվեն, դրանից կախված է մեր խաղաղապահ զորախմբի ճակատագիրը»,– ասել է Պուտինը։

Ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։

ՌԴ նախագահն անդրադարձել է այն հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության գալ։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բայց, ըստ նրա, կան նախադրյալներ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի և Երևանի միջև կարգավորման ուղի է գտնվել։
«Դեռ վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, դա փոխզիջումների առարկա է, որոնք, անշուշտ, պետք է ձեռք բերեն երկու կողմերը` միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող կողմերը ցանկանան, այդ թվում` նաև մեր երկիրը», - ասել է ՌԴ նախագահը լրագրողներին։
Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ապա, Պուտինի խոսքով, դրանց մասին կարելի է խոսել, բայց պետք չէ։
«Որովհետև եթե դրանք մինչև հիմա կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սրել մամուլի, հանրության ուշադրությունը։ Պետք է պարզապես հանգիստ, փակ ռեժիմով հասնել համաձայնության։ Սրանք շատ նուրբ բաներ են, որոնք զգայուն են երկու կողմերի համար: Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում դրանք առանձնացնելու` առանց գործընկերների հետ համաձայնեցնելու», - ասել է Պուտինը։

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի պատրաստակամությունը` այսուհետ ևս նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը: