Հրդեհ Խոսրովի անտառ արգելոցի հարակից տարածքներում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Խոսրովի անտառ» արգելոցն ու ԱԻՆ աշխատակիցներն այսօր հրդեհի մասին ահազանգը ստացել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի անտառապահներից, որոնք առաջինն են եղել դեպքի վայրում ու նկատել հրդեհը։
ԱԻՆ–ից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտ, բուսածածկ տարածքում։ Նշենք, որ այս գյուղը գտնվում է դեպի Խոսրովի անտառ գնացող ճանապարհին ու սահմանակից է արգելոցին։
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրշեջները մարել են հրդեհը։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։
Նախնական գնահատականով` այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։