Իրանի ԱԳ նախարար. Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ՝ վստահություն հայտնելով, որ այդպես էլ շարունակվելու է:
«Ազատության» փոխանցմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:
«Իրանը շատ կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հարգում է ու հետևում է, որ բոլոր ժողովուրդների կրոնական և այլ իրավունքները միշտ պաշտպանված լինեն: Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:
Նա ցավակցություն է հայտնել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մարդկային զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ պետք աշխատանքներ տարվեն հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:
«Մենք այն երկիրն ենք, որը պատերազմ է տեսել և ծանոթ ենք այն ցավերին ու տանջանքներին, որ ժողովուրդը կրում է պատերազմի ընթացքում: Իրանը պատրաստ է մարդասիրական ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ խնդիրները հարթելու համար»,- ասել է Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է՝ պատրաստակամ են առավել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում:
« Մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ։ Նախիջևանով երկաթուղային կապը հնարավորություններցի մեկն է՝ երկաթուղային մի հին ուղի, որը կապում է հյուսիսն ու հարավը:
Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը»,- նշել է նա: