Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Պակպուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից շրջաններում իրանական ստորաբաժանումների տեղակայման վայրեր: Տեղեկությունը հայտնում է իրանական Tasnim-ը։ Նշվում է, որ գեներալը շփվել է զինծառայողների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստության մակարդակը, զգոնությունն ու բարոյահոգեբանական վիճակը:
Պակպուրը ներկա է եղել նաև ցերեկային և գիշերային ժամերին անցկացված մարտավարական պարապմունքներին։
«Անվտանգության հարցը կապ չունի ցրտի, շոգի, տոների ու աշխատանքային օրերի հետ։ Մենք պետք է հնարավորինս զգոն և պատրաստված լինենք։ Միշտ ուշադիր եղեք այս հարցում»,- ասել է հրամանատարը՝ դիմելով զորքին։
Հիշեցնենք` իրանցի զինվորականներն ու քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ կտրականապես դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության:
Այս հայտարարությունները հնչել են ի պատասխան ադրբեջանական կողմի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունների։