Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի
Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին զորավարժություններ են անցկացնելու, որն ընդգրկելու է երկրի տարածքի կեսից ավելին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանի «Tasnimnews» լրատվական գործակալությանը, զորավարժությունը կազմակերպող հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ ՀՕՊ զորավարժությունները կմեկնարկեն «Վելայաթ-99 երկնքի պահապանները» կոդային անվանմամբ: Զորավարժությունները ուղղված են զորքի մարտունակության բարձրացմանն ու ամրապնդմանը:
Հրամանատարի խոսքով ՝ զորավարժություններում կընդգրկվեն հրթիռային համալիրների տարբեր տեսակներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաեւ կապի համակարգեր, փոքր, միջին և մեծ բարձրությունների վրա օդային սպառնալիքներին հակազդող կապի համակարգեր:
Գեներալը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը ծրագրում են զորավարժությունների ժամանակ օգտագործել կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր:
Իրանում՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել, այս մասին հայտնել է նահանգապետ Ալի Ամիրին:
Նա նշել է, որ միջադեպը պատահել է Գարա Գոչ գյուղում: Նրա խոսքով՝ դրա արդյունքում կորուստներ չկան: Ռազմական փորձագետները հետաքննում են՝ պարզելու, թե անօդաչու թռչող սարքը որ կողմին է պատկանում և թե որտեղից է այն օդ բարձրացել:Նշվում է նաև, որ ԼՂ կոնֆլիկտի սրումից ի վեր շուրջ 60 արկ է հայտնվել Խոդա Աֆարինում:
Ավելի վաղ, պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հասնի Իրան: