«Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ միջազգային մրցանակի դափնեկիր
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» արժանացել է ԵԱՀԿ-ում 36 երկրների ներկայացուցչությունների անունից տրվող «Ժողովրդավարության պաշտպան 2019» մրցանակին։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այդ պատվին է արժանացել անկախ լրագրությունը և իրազեկ որոշումների կայացումը խթանելու, ինչպես նաև Հայաստանում ընտրությունների մոնիտորինգն ամրապնդելու համար:
Մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունեցել մարտի 11-ին՝ Վիեննայում Շվեդիայի դեսպանատանը: Արարողությանը ներկա են եղել ԵԱՀԿ-ում տասնյակ երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, միջազգային ճանաչմամբ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Մրցանակը «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին է հանձնել ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի դեսպան Կլոդ Վիլդը:
Իր ելույթում Դանիել Իոաննիսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության աշխատանքի բարձր գնահատականի համար, ինչպես նաև խոսել է Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակի և աշխարհում ժողովրդավարության ճգնաժամի մասին։
Ժողովրդավարության պաշտպանի ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնվել է 2016 թվականին ԵԱՀԿ-ում 8 երկրների`Կանադայի, Դանիայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների ներկայացուցչությունների կողմից, ավելի ուշ դրան են միացել ևս 28 երկրների պատվիրակություններ, այդ թվում Հայաստանը: Մրցանակը շնորհվում է որպես գնահատական քաղաքացիական հասարակության կողմից տարածաշրջանում ժողովրդավարության խթանմանն ուղղված աշխատանքներին:
Հարկ է նշել, որ սա առաջին տարին է, երբ մրցանակը շնորհվում է այն սատարող երկրներից մեկի ներկայացուցի:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 4-րդ կազմակերպությունն է, որն արժանացել է այդ պատվին։ Նախկինում այս մրցանակը ստացել են Ուկրաինայի, Ռուսաստանի և Սերբիայի ներկայացուցիչները։