Իսրայելցի ոստիկանները պատրիարքարանի վրա հարձակումից հետո այցելել են Հայոց պատրիարքին
Իսրայելի ոստիկանության աշխատակիցները պատրիարքարանի վրա հարձակումից հետո հանդիպել են Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Այս մասին հայտնել է պատրիարքարանի ղեկավար Հայր Աղան Գոկչյանը:
«Հունվարի 30-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան են այցելել Հին քաղաքի ոստիկանության քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբն ու Շուբաշ Զաերը։ Նրանք հանդիպել են Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ», - գրել է Գոկչյանն իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` հունվարի 28-ի ուշ երեկոյան Երուսաղեմում հրեա ծայրահեղականները փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիրն ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։
Սադրանքների դիմելուց հետո նրանք փախել են՝ բղավելով, թե ահաբեկչական հարձակում է տեղի ունենում։ Ոստիկանները դա ճշմարտության տեղ դնելով՝ փակել են ծայրահեղականներին հետապնդող հայերի ճանապարհը, ծեծել մի քանիսին, իսկ Գևորգ Քահկէճեանին ձերբակալել են։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առթիվ։ Հայաստանի ԱԳՆ–ում վստահ են, որ տեղի ունեցած միջադեպերն ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։