Ժաննա Ալեքսանյան. Սա բացահայտ մարտահրավեր է հանրությանը
«Դատարանը 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Սա բացահայտ մարտահրավեր է հանրությանը, ինչ ուզենք կանենք, ինչքան ուզենք բանտում կպահենք։ Ոչ թե արդարադատություն, այլ պատիժ։ Պատիժ, որ վայելի անպատիժ Ալեն Սիմոնյանը։ Հենց վերջինս էր հաղորդում ներկայացրել տղաների դեմ, ավելի շուտ հրահրել այս քրեական գործը․Նա առաջինն էր տղաներին վիրավորել՝ «շան լակոտ, լածիրակ« անվանել, ու ստացել վերջիններիս կոշտ պատասխանանը։
Իսկ ինչ անել, երբ բարձր պաշտոն զբաղեցնող անձը թքում է մարդու վրա կամ վիրավորում և անպատիժ է մնում, երբ գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում, երբ իրավապահ համակարգը ծառայում է անօրինությանը։ Ստիպված ես քո ձևով արձագանքել», ֆեյսբուքի իր էշում գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Նշենք՝ դատարանի որոշումը լսելուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ իրավական խայտառակությունը դադարեցնելու պահանջով։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։


