Կարանտինային խցերում անձանց պահելը վտանգավոր է նրանց առողջության համար
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ դիտարկել են կարանտինային և 2-րդ հարկի մի քանի խցեր և արձանագրել, որ կարանտինային խցերն անմխիթար վիճակում են, առկա է խոնավություն, և այնտեղ գտնվելը վտանգավոր է անձանց առողջության համար:
«Նկատել են նաև, որ 2-րդ հարկում դիտարկված բոլոր խցերի հատակները, բացի 29-րդ խցից, մասամբ կամ ամբողջությամբ սալիկապատ են, մինչդեռ 29-րդ խցի հատակը բետոնից է: Բացի այդ, դիտարկման պահին արձանագրել են, որ թեև այդ հարկի խցերը նոր են վերանորոգվել, սակայն 29-րդ խցի առաստաղից արդեն ջուր է կաթում, ինչի հետևանքով վնասվել է առաստաղի որոշ հատված: Ջուրը առաստաղից կաթում է խցի հատակին, ինչի հետևանքով հնարավոր է խցում խոնավության աստիճանը բարձրանա:Հարցը քննարկվել է հիմնարկի պետի հետ, որը խցերում առկա տարբերությունը որևէ կերպ չի պարզաբանել»: