Կարապետ Բադալյան. ՍԴ անդամն այլմոլորակային պատկերացում ունի բարոյականության մասին
ՍԴ անդամ, ՍԴ դատավորի լիազորությունները յուրացրած անձ Ալվինա Գյուլումյանն Ազատության Gayane Saribekyan-ին այսօր տված հարցազրույցում հայտարարում է. «Չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, դա բարոյական չէ․ ես չեմ կարող նայել 100 հազար դրամ ստացողների աչքերի մեջ․..»:
Հիմա բարոյական է՞ր, երբ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2018 թվականին դատարանի միջոցով (գործ ՎԴ/9375/05/18) Ալվինա Գյուլումյանը բացահայտորեն փորձում էր իր աշխատավարձին որպես հավելավճար անհիմն կերպով ստանալ ամսական ևս 840,000 ՀՀ դրամ ՀՀ հարկատուների՝ իմ ու ձեր հաշվին:
Մի կողմ թողնեմ այն, որ ՍԴ անդամն անգրագետ ու խայտառակ հայցադիմում էր ներկայացրել դատարան, բայց որ այդքանից հետո էլ փորձում է որպես բարոյականության քարոզիչ ներկայանալ ու այդ տեսանկյունից քննադատել Դատական օրենսգրքում ու ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների շրջանառվող փաթեթը, արդեն անցնում է թույլատրելիի բոլոր սահմանները:
Հետաքրքիր է, այդ հայցը ներկայացնելուց հետո 100,000 դրամ աշխատավարձ ստացողների աչքերին նայել ու ամաչե՞լ է, թե ոչ: Վստահ եմ, որ նայել է, բայց կասկածում եմ, որ ամաչել է կամ հասկացել, որ իր արարքը շատերի աչքում կարող է անբարոյականություն համարվել:
Բարեբախտաբար, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը մոտ մեկ ամիս առաջ՝ 19/07/2019 թվականի որոշմամբ մանրամասնորեն բացատրել է Ալվինա Գյուլումյանին, որ ինքը սխալ է և 840,000 դրամ ամսական հավելավճարի պահանջն էլ՝ անհիմն, ու որ նա իրավունք չունի ՀՀ հարկատուներից ստանալու շատ ավելի շատ «անաշխատ եկամուտներ», քան ստանում է: