Վարչապետ. Կորոնավիրուսի հաստատված 47 նոր դեպք կա. Մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1248
- Առողջացածներ - 523
- Փաստացի բուժվողներ - 705
- Ընդհանուր թեստեր - 11796
- Մահվան ելքեր - 20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121:
Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»:
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: