Կութի տարածքում կրկին հրդեհ է
Կութ գյուղի տարածքում 17 հրշեջ-փրկարարներ շարունակում են իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Իրականացվել է տեղազննում․ պարզվել է, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։
Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․ սահմանվել է հերթապահություն»:
Հիշեցնենք նաև՝ օգոստոսի 29-ի առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։