ԿԽՄԿ. Պատերազմից հետո 300 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում
2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում արվող աշխատանքներին և դրանց արդյունքներին։
«Շուրջ 300 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով։ 2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։ Դրանից հետո սկսվել է մասունքների նույնականացման և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը»,-ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ համատեղ աջակցել է աճյունների որոնման աշխատանքների անցկացմանը՝ տեղական փրկարարական խմբերին աջակցելով։
ԿԽՄԿ-ի ականների, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և հրաձգային զենքի տարածաշրջանային մասնագետների ղեկավար Քրիստոֆեր Փուլը հայտնել է, որ փրկարարական խմբերի աշխատանքի պայմանները չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը ականներով և չպայթած զինամթերքով է լեցուն։ Դրան գումարվում են նաև եղանակային պայմանները՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում:
«Մարդկանց մասունքները հանելու համար փրկարարական թիմերը մահացու վտանգի առաջ են կանգնում։ Խոսքը ոչ միայն մասունքների հետ «արժանապատիվ վերաբերմունքի», այլև նրանց հետ անվտանգ վարվելու մասին է»,-ասել է Փուլը։
Հիշեցնենք՝ մինչև օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայող և քաղաքացիական անձ։
Ըստ ՀՀ ՔԿ-ի՝ անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։