«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական այցը Մեծ Բրիտանիա (1994 թ.)

Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական այցը Մեծ Բրիտանիա (1994 թ.)

Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա սկսվեց 1994 թ.-ի փետրվարի 8-ին և ավարտվեց փետրվարի 11-ին:

Այդ օրերին բրիտանական մամուլը ակտիվ լուսաբանում էր Նախագահի այցը Մեծ Բրիտանիա:

Տեր-Պետրոսյանի այցին են անդրադարձել The Independent, Reuters, Times և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ:

Times-ը գրում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Մեծ Բրիտանիա պատմական է, քանի որ Տեր-Պետրոսյանն առաջին հայ ղեկավարն է, որ այցելում է Մեծ Բրիտանիա Լևոն V-րդից հետո, 700 տարի անց:

Նախագահը Մեծ Բրիտանիայում արժանանում է ամենաբարձր պետական ընդունելության:

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում նրան դիմավորում են Եղիսաբեթ II թագուհու հատուկ ներկայացուցիչն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դրանից հետո` Նախագահը պատվո շքախմբի ուղեկցությամբ ուղևորվում է Լոնդոնի «Հայեթ Քառլիոն Թաուեր» հյուրանոց:

Փետրվարի 9-ի առավոտյան Նախագահն ուղևորվում է Բուքինգհեմյան պալատ` հանդիպելու Եղիսաբեթ II թագուհու հետ:

Նախագահի ավտոշարասյունը Բուքինգհեմյան պալատ է մտնում ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, ինչը իրենց իսկ` անգլիացիների խոսքով, բացառիկ երևույթ էր:

Տեր-Պետրոսյանին արտոնված էր նույնիսկ ծխել, ինչը նույնպես բացառիկ երևույթ էր:

Հանդիպման ընթացքում Թագուհին նույնպես շեշտում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը պատմական է, քանի որ Բրիտանիայում վերջին անգամ եղել է Լևոն V-րդը, ում շնորհիվ ձևավորվել են հայ-բրիտանական դարավոր կապերը:

Լևոն Տեր-Պետրոսյանը Թագուհուն նվիրում է ձեռագործ փայտե ծաղկաման և Հայաստանի Հանրապետության նամականիշերի ալբոմ։ Դրա դիմաց Թագուհին Նախագահին նվիրում է իր և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի լուսանկարները՝ շքեղ արծաթե շրջանակներով։ Մեկնելուց առաջ Տեր-Պետրոսյանը հրավիրում է Թագուհուն և թագավորական ընտանիքի անդամներին այցելել Հայաստան, որը Թագուհին ընդունում է:

Այդ հանդիպումից անմիջապես հետո Նախագահը Դաունինգ Սթրիթ 10 հասցեում հանդիպում է Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորի հետ, քննարկվում են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ստորագրվում են համաձայնագրեր:

Սա առաջին դեպքն էր նաև Մեծ Բրիտանիայի հայ համայնքի համար։ Տասնյակ մարդիկ միանում են քաղաքագետների և վերլուծաբանների՝ լսելու Նախագահի ելույթը Չաթեմ Հաուսում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, որը միջազգային հարցերի վերլուծության աշխարհի առաջատար ինստիտուտներից մեկն է։ Բրիտանական թերթերը գրում էին, որ եթե Լատվիայի առաջնորդի ելույթին մասնակցում էր ընդամենը տասնչորս մարդ, ապա Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում լեփ-լեցուն դահլիճում, որտեղ հավաքված է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ հայտնի լրագրողներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր դեսպանատներ ներկայացնող դիվանագետներ և կառավարության պաշտոնյաներ։

Տեր-Պետրոսյանը Բրիտանիայի խորհրդարանում վարչապետի հետ ավանդական հարցուպատասխանին մասնակցելուց հետո` քառասուն րոպեանոց ելույթ է ունենում, ինչից հետո պատասխանում է ներկաների հարցերին:

Այնուհետև Նախագահ Տեր-Պետրոսյանն ուղևորվում է Լոնդոնի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցի, որտեղ նրան դիմավորում է ավելի քան 800 մարդ: Մարդիկ եկել էին տեսնելու «բոլոր հայերի Նախագահին», ինչպես Տեր-Պետրոսյանին անվանում էին տեղի հայերը:

Տեր-Պետրոսյանն այցելում է նաև բրիտանական թանգարան, որտեղ նրան ցուցադրում են ցուցանմուշների լայն տեսականի, այդ թվում` հին հայկական արտեֆակտներ և ձեռագրեր:

Այցի վերջին օրը Նախագահն այցելում է Քեմբրիջի համալսարան և Թագավորական քոլեջ: