Լևոն Զուրաբյան. Ադրբեջանը բացահայտ ճնշման է գնում՝ Հայաստանից պահանջելով «Զանգեզուրի միջանցք»
Լաչինի միջանցքի շրջափակումը կատարվում է մեկ նպատակով, որ ճնշում դրվի ոչ այդքան Արցախի վրա, Հայաստանի վրա, որ Հայաստանը բացի այն, ինչ որ իրանք կոչում են «Զանգեզուրի միջանցք»: «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Դրա մասին Ալիևը բազմաթիվ անգամ ասել է, ընդ որում՝ երկու տարի առաջ է ասել և միշտ այդ թեզն առաջ է տարել, որ եթե դուք չբացեք միջանցքը մեզ համար, մենք էլ կփակենք Լաչինի միջանցքը: Քանի որ միևնույն է խախտում է, և նա ինչ-որ ձևով պետք է փորձի պատշաճությունները պահել, սկզբից արվեց էկոակտիվիստների ձեռքով, բայց վերջերս արդեն ավելի բացահայտ ճնշման է գնում, և խնդիրն այդպես է դրվում՝ եթե դա չեք անում, ուրեմն մենք փակում ենք և սպառնում ենք ղարաբաղյան հայ բնակչությանը, բայց նաև ստեղծում ենք անելանելի պայմաններ, որովհետև, ըստ իրենց, մենք չենք կատարում իրենց պահանջները:
Կարլեն Ասլանյանի հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն բարձրաձայնում, որ այսպիսի շանտաժի տակ են: Նրանք ասում են՝ սա Ղարաբաղը վերցնելու համար է արվել, Զուրաբյանը նշեց.
«Չեն ասում, որովհետև մի պարզ բան է այդ դեպքում բացահայտվում, որ իրենց դիվանագիտությունը լրիվ ձախողվել է: Հիմա եթե պատերազմն ավարտվել է, դրանից հետո ազդարարված էր խաղաղության ժամանակաշրջան կամ անգամ դարաշրջան, էդ քաղաքականությունը երկու երեք ամիսը մեկ մեզ բերում է մի հերթական, եթե ոչ աղետի, հերթական կորստի: Մենք կորցնում ենք տարածք, մարդկանց, վիրավորների, և ի վերջո տուժում է նաև մեր արժանապատվությունը, էլ չեմ ասում՝ տնտեսությունը, որովհետև նման երկիր, որտեղ երկու երեք ամիսը մեկ միշտ ռազմական ինչ-որ սպառնալիքեր են ստեղծվում, նման երկրում ոչ ոք ինվեստիցիա չի անի:
Աղետալի պատերազմի համար Փաշինյանի պատասխանատվությունը մի կողմ դնենք առայժմ, բայց եթե պատերազմի ավարտից հետո երկուսւկես տարի շարունակ կայուն պարբերականությամբ ամեն երկու֊երեք ամիսը մեկ մենք ունենք մարդկային, տարծքային եւ պետության հեղինակության կորուստներ, արդեն միայն այս փաստը ինքնին նշանակում է, որ մենք գործը ունենք այս իշխանության դիվանագիտության եւ կառավարման ծայրահեղ ապաշնորհության, եթե չասենք անմեղսունակության հետ։ Ու Աստված մի՜ արասցե, եթե մի օր պարզվի, որ այս ամենը նաև դիտավորության արդյունք էր։
Եթե այսօր Հայաստանի տնտեսական վիճակը շատ վատ չէ, դա բացառապես կապված է այն հանգամանքի հետ, որ մոտ մի 100 հազար ռուսաստանցի տեղափոխվել են Հայաստան: Ուզում եմ ասեմ՝ մենք մշտապես երկու երեք ամիսը մեկ հայտնվում ենք նման վիճակի մեջ և հարց է ծագում՝ սա ի՞նչ դիվանագիտություն է: Այսինքն՝ ինչ-որ մի բան ֆունդամենտալ սխալ է այդ կատարված գործում, իսկ իշխանությունը դրա մասին վախենում է խոսել: Եթե այսօր ռուսական խաղաղապահ զորքերն անհայտանում են Ղարաբաղից, բոլորս էլ հասկանում ենք չէ՞ ինչ է լինում, լինում է հայկական բնակչության ցեղասպանություն կամ մորթ, մի ահավոր գործընթաց, որտեղ որևէ հայ չի մնում, հետևաբար, մենք հասկանում ենք հետևյալը, որ՝ այո, ռուսները վատ են կատարում իրենց պարտականությունները, բայց այն, ինչ որ իրենք կատարում են, այնուամենայնիվ, ինչ-որ արժեք ունի»:
Ամբողջական՝տեսանյութում: