«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լավ բեմականացված հիստերիայի բանակցային հետևանքները. «ՉԻ»

Լավ բեմականացված հիստերիայի բանակցային հետևանքները. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանը վերջին «բանջարաբոստանային» ասուլիսում սկսեց գոռգոռալ, թե «Հայաստանը Ղարաբաղին հարյուրքանի միլիարդ դրամ ա տվել, էդ ո՞նց են ծախսել, որ նույնիսկ բադրիջան չունեն», առաջին տպավորությունն այն էր, թե նրա նյարդերը պարզապես տեղի են տվել, ու մարդը հիստերիայի հերթական նոպայի մեջ է ընկել։ Բայց քանի որ անգամ շեֆի նոպան է ուսապարկերի համար հստակ հրահանգ ու գործունեության ուղեցույց՝ ընդամենը երկու օր անց Ազգային ժողովում հարց է բարձրացվում, որ պետք է խստագույն վերահսկողություն սահմանել Ղարաբաղին տրվող գումարների վրա, դրանց ծախսման վերաբերյալ էլ «որոշակի փաստաթղթեր պահանջել»։ Իսկ այդ անհրաժեշտությունն էլ, ըստ կարկառուն ՔՊ-ական Գևորգ Պապոյանի, իբր ծագել է այն պատճառով, որ «մեր քաղաքացիների մոտ առաջացել են մտահոգություններ»։ Այսինքն՝ շեֆի հիստերիան կապ չունի, դա «մի խումբ մտահոգ քաղաքացիների» պահանջն է։

Իրականում շեֆի հիստերիան իսկապես էլ կապ չունի, ավելին՝ նրա «ինքնաբուխ զայրույթն» ամենայն հավանականությամբ լավ բեմականացված շոու էր։ Բանն այն է, որ վերջին օրերին առնվազն հայտարարությունների մակարդակով Ադրբեջանը Հայաստանի առջև նոր պահանջներ է դնում, և մեծ է հավանականությունը, որ այդ պահանջները նաև բանակցային օրակարգում են։ Ավելի կոնկրետ՝ եթե մինչև վերջերս Ադրբեջանը Հայաստանից պահանջում էր «դուրս բերել իր ուժերը Ադրբեջանի ղարաբաղյան շրջանից», հիմա արդեն պահանջում է նաև «դադարեցնել ապօրինի խամաճիկային ռեժիմի ֆինանսավորումը»։ Պարզ ասած՝ այլևս փող չուղարկել, որպեսզի Արցախում կամաց-կամաց ներդրվի ադրբեջանական մանաթը։ Նիկոլ Փաշինյանը, վստահաբար, արդեն համաձայնվել է կամ պատրաստվում է համաձայնվել, բայց «խասյաթի» համաձայն՝ պիտի նախապես մեղքը բարդի ուրիշների վրա։ Եվ ինչպես միշտ՝ ձևը գտել է․ Արցախի իշխանությունները, հասկանում եք, մեր ուղարկած փողն արդյունավետ չեն ծախսում, մեջ-մեջ են անում, Երևանում տուն-մուն են առնում, բա էլ որպես ի՞նչ ենք փող ուղարկում, մանավանդ՝ որ «մեր մտահոգ քաղաքացիները» դժգոհում են։ 

Ճիշտ այդպես Շուշին տվեցին, որովհետև «դժգույն-դժբախտ քաղաք» էր, ճանապարհները զիջեցին, որովհետև Որոտանը «Չայզամի» էր, ՀՀ տարածքը զիջեցին, որովհետև «տարվա կեսը ձյուն-ձմեռ էր», հիմա էլ Արցախին գումար տրամադրելուց են «մանրից թռնում», որովհետև տեղի իշխանությունները, հնարավոր է, կոռումպացված են․․․ Բա հո չե՞ն խոստովանելու, որ ընդամենը Ադրբեջանի հերթական պահանջներն էին կատարում ու հիմա էլ շարունակում են նույնը անել։

Բայց այդ ընթացքում շոուների պակաս չպետք է լինի, իսկ դրա համար կարելի է նույնիսկ 19 բեռնատար տանել-հասցնել Կոռնիձոր։ Իբր՝ տեսեք, սիրելի արցախցիներ, մենք ձեր կողքին ենք, հետո՞ ինչ, որ ամբողջ օրը կերուխումի ու փառատոների մեջ ենք, ներողամիտ եղեք, իսկ մենք այդ ընթացքում կփորձենք աշխարհի ուշադրությունը հրավիրել ձեզ վրա․․․ Իսկապե՞ս։ Եթե իշխանություններն իրոք ուզում են ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախի վրա՝ դրա ձևերը բազմաթիվ են։ Օրինակ՝ եկեք մի օրով Հայաստանի ողջ տարածքում հացադուլ հայտարարենք։ Փակենք բոլոր մթերային խանութները, սրճարանները, ռեստորանները և այլն։ Ու թող այդ օրը Հայաստանում ոչ մի մեքենա չտեղաշարժվի (հասկանալի է՝ բացի արտակարգ դեպքերից), տրանսպորտը չգործի, բոլորն աշխատանքի գնան ոտքով կամ հեծանիվով։ Այ դա իսկապես կլինի աշխարհի մակարդակով եզակի ու հզորագույն ակցիա, որը, անկասկած, կդառնա օրվա թոփ-լուրը։ Եվ՝ այո, թող Երևանում գտնվող տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներն է՛լ այդ օրը սոված մնան։ Հայաստանի երկուսուկես միլիոն բնակիչներն էլ թող մի օրով իրենց մաշկի վրա զգան արցախահայության վիճակը։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: