Մահացել է ՀՀ Առաջին նախագահի եղբայրը՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը
Այսօր, 76 տարեկան հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ Առաջին նախագահի եղբայր, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը:
Կամո Տեր-Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 20-ին՝ Կիրովական քաղաքում: Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո նա եղել է Հայաստանի հայտնի սրտաբաններ Ռաֆայել Ստամբոլցյանի և Զավեն Դոլաբջյանի աշակերտը, երկար տարիներ աշխատել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նախկին «Լեչկոմիսիայի պոլիկլինիկայում»: Հետագայում կազմակերպել և ղեկավարել է «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամ»-ի ծրագրով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցը:
Մասնագիտական գործունեությունից բացի, Կամո Տեր-Պետրոսյանը հասարակությանը հայտնի է որպես «Մուսալեռ» հայրենակցական միության երկարամյա նախագահ, ինչպես նաև Հայաստանի ռադիոյի գրական հաղորդումների բաժնում և հանրային գրական երեկոներում արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքող:
Կամո Տեր-Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 4-ին, ժամը 18:00-ին՝ Սբ. Սարգիս եկեղեցում (Նորքի 5-րդ զանգված), հուղարկավորությունը՝ հունվարի 5-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից: