ՄԱԿ-ի խոսնակը՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հունիսի 20-ին նախատեսվող արտահերթընտրությունները կօգնեն լիցքաթափել իրավիճակը երկրում և արդյոք ՄԱԿ-ը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել ընտրությունների ժամանակ՝ Դյուջարիկն ասել է.
«Ես տեղյակ չեմ՝ արդյոք մենք ստացել ենք նման խնդրանք, թե ոչ: Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները: Ես չունեմ որևէ մեկնաբանություն ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ: Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին».-ասաց ՄԱԿ-ի խոսնակը:
Նա նաև հավելեց, որ եթե նման խնդրանք ստացվի ՄԱԿ-ի անդամ որևէ երկրից, ապա այն անպայման կդիտարկվի: