Մարտի 1-ը Քոչարյանը կդիմավորի բանտում (տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:
«Որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվել են: Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- ասաց Մուրադյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում էր դատավոր Մնացական Հարությունյանը:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: