Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը (ուղիղ)
Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է աշխատանքները:
Նոր խորհրդարանի առաջին նիստը նախագահում է խորհրդարանի տարիքով ամենամեծ պատգամավորը՝ «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող Կնյազ Հասանովը:
Նիստի օրակարգում են Ազգային ժողովի նախագահի, նրա երեք տեղակալների ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը:
7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 14-ին`ԱԺ առաջին նիստում վարչապետի պաշտոնում առաջարկելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է լինելու Վահե Էնֆիաջյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:
2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը` 88, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 26 և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`18 մանդատով: