«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Մերի Մուսինյան. Եվ սա մղձավանջային երազ չէ, այլ իրականություն

Մերի Մուսինյան. Եվ սա մղձավանջային երազ չէ, այլ իրականություն

Բոլորովին ուրիշ զգացողություն է այս անգամ՝ 2023 թվականի Ապրիլի 24-ին։ Մեր հարուրամյա ցավի մասին արտահայտվելու, մեր էմոցիաները իրար հետ բաժանելու «հնարավորությունից» էլ մեզ զրկեց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Որովհետև ով մի քիչ սիրտ ու ամոթ ունի, իր ու իրենց փոխարեն ամոթից կարկամել է։ Այս մարդկանց շնորհիվ մենք տեսանք ու տեսնում ենք բաներ, որ անհավատալի են բոլոր տեսանկյուններից. մեր իշխանությունների թեթև ձեռքով ստեղծվել է բարոյահոգեբանական անկումային խորը ճգնաժամ կամ քաոս, ինչպես կուզեք բնորոշեք։ Մենք ունենք մի իշխանություն, որի առաջին դեմքը ի լուր սեփական ժողովրդի ու միջազգային հանրության ամենաբարձր ամբիոններից բազմիցս հայտարարել է, որ մեզ այսօր էլ ուզում են ցեղասպանել, և դա ասել է հեքիաթասացի տոնայնությամբ, պարզապես որպես մի լուր՝ թե բա իմացեք, որ այս հեքիաթի վերջում ոչ թե երեք խնձոր է ընկնելու մեր գլխին , այլ հավանաբար ուրիշ բան։ Բայց մինչև կընկնի, բերեք մի քանի բանի մասին այնուամենայնիվ մտածենք՝ Արարատը գուցե պիտի փոխարինել Արագածով, մի հատ մտածենք մեր ԴՆԹ-ում ինչն է սխալ, մի հատ ի լուր աշխարհի ու Ալիևի աչքի առաջ հաշվենք մեր դավաճաններին ու դասալիքներին, մեր ծույլ ու անբան գյուղացիներին, որ չգիտեն ինչպես գերմանական ճշգրտությամբ ու կոկիկությամբ տուն ու այգի կառուցեն, մեր հայրենասերներին, որ ամբողջ օրը նվնվում են, դրա համար էլ էս օրին ենք, հաշվենք մեր դժբախտ կանանց , որ չգիտեն ինչ բան է երջանկությունը ու լավ կլինի մինչև մեզ նորից ցեղասպանելն իմանան։ Մի խոսքով, թույլ տվեք մեր գերագույն ընտանիքով ամեն դեպքում ցեղասպանվելուց առաջ ձեզ դաստիարակենք։ Իսկ երբ դա պատահի, չտխրեք, ես լայվ կմտնեմ, կասեմ՝ իմ մեղքն այն է, որ ձեզ էնքան շատ եմ սիրել, որ իմ խորը սիրո պատճառով սխալներ եմ գործել։ Եվ դուք, կամ ձեզանից շատերը կնվաղեն հաճույքից՝ չէ՞ որ նախկիններից երբեք այս բառերը չէին լսվել և չէ՞ որ Աստված է խոսում այս աննախադեպ գերագույնի շուրթերով։ 
Եվ կլսվեն հատուկենտ ձայներ, հարցեր հատուկենտ մարդկանց կողմից, մնացյալը՝ որպես կինոյի հերթական արար, կշարունակի թերևս լուռ հետևել մեր պետության արժանապատվությունը քանդող էս ամենին։ Որովհետև մենք լավագույն դեպքում չլսելու ու չտեսնելու ենք տալիս մեր պետության գլխին Քաջ Նազարի բախտով հայտնված, մեր պետության հիմքերը խարխլած այս ընտանիքի ասածներն ու արածները, բայց փոխարենն ընկնում ենք մի հանրային գործչի հետևից, որն ասում է, թե թուրք-ադրբեջսնական միությունն ինչ պլաններ ունի մեզ հետ կապված, ու մենք վարչապետի ցեղասպանության մասին հայտարարությունները թողած, ընկնում ենք այս մարդու հետևից՝ առանց խորանալու՝ ո՞վ է վերջապես այս երկրում ի պաշտոնե հարց լուծողը՝ իր կարծիքն ու հիմնավորում ունեցող հանրային գործի՞չը, թե ցեղասպանության մասին շատախոսող վարչապետը։ 
Աշխարհաքաղաքական ծանրագույն ժամանակաշրջանում, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա՝ միջազգային հանրության տոտալ անտարբերության ներքո, մենք մեր պատմության այս դժվարագույն ու բախտորոշ պահին մեր պետության ղեկը տվել ենք ինչ-որ բախտախնդիր-հեքիաթասացների, մարդկանց, որոնց պատճառով ամբողջ աշխարհի համար, որ երկիրն էլ որ նրանք լինեն, ստեղծվել են լավագույն պայմաններ մեզ հետ իրենց հաշիվները մաքրելու, հնարավորը պոկելու, մեր հիմքերը թուլացնելու համար։ 
Եվ սա մղձավանջային երազ չէ, այլ իրականություն։

Մերի Մուսինյան