«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. «Աննախադեպ» փչանգուլները եւ խոսքի ազատությունը

Մեսրոպ Հարությունյան. «Աննախադեպ» փչանգուլները եւ խոսքի ազատությունը

Ալիք Մեդիա. «...թվարկեմ 2021-ի նրանց «աննախադեպ» «հաջողությունները»՝ հատկապես ինձ շատ հոգեհարազատ՝ խոսքի եւ լրատվամիջոցների ազատության ոլորտում։

ՔՊ-ական իշխանությունը 2021-ին աչքի ընկավ միայն ու միայն սեփական շահերը սպասարկող օրենքների եւ լրագրողների գործունեությունը սահմանափակող որոշումների ընդունմամբ։

Առաջին խնդրահարույց օրենքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 2021 թվականի մարտի 24-ին կատարված փոփոխություններն էին, որով վիրավորանքի համար փոխհատուցման չափը նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկից (մինչեւ 1 միլիոն դրամից) դարձավ մինչեւ 3000-ապատիկ, իսկ զրպարտության դեպքում՝ մինչեւ 6000-ապատիկ։ ՀՀ նախագահը չստորագրեց օրենքը եւ ուղարկեց Սահմանադրական դատարան, սակայն Բարձր դատարանը ՀՀ Սահմանադրության հետ հակասություններ չգտավ։

Փոփոխություններն արդեն ուժի մեջ են։ Մենք բազմիցս նշել ենք, որ զրպարտության եւ վիրավորանքի որեւէ գործի վերաբերյալ վճիռ կայացնելիս դատարանը, մեկ է, հենց էնպես չի կարող վերին շեմին համարժեք փոխհատուցում սահմանել, որովհետեւ օրենսգիրքը փոխհատուցման չափը որոշելու պայմաններ է նշել, որոնց թվում նաեւ պատասխանողի գույքային դրությունն է։

Այսինքն՝ փոփոխությունը մեռելածին է եւ անկախ դատական համակարգի պայմաններում չի կիրառվի։ Պարզ է, որ սույն փոփոխության հեղինակը՝ իրեն քաղաքական գործիչ համարող Ալեն Սիմոնյանը, միայն հոգեբանական խնդիր էր լուծում՝ կարծելով, թե փոխհատուցման վերին շեմը բարձրացնելով՝ կզսպի լրատվամիջոցներին։

Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ Սիմոնյանն ընդհանրապես սարսափում է ազատ խոսքից, դրա համար էլ, ԱԺ նախագահ դառնալով, ամեն ինչ անում է լրագրողների գործունեությունը խորհրդարանում խոչընդոտելու, ամբողջ աշխարհում գնահատող դատողություն համարվող մակդիրների (օրինակ՝ «կապիտուլյանտ» կամ «հողատու») պատճառով պատգամավորներին ձայնից զրկելու եւ ամբիոնից հեռացնելու համար։ Էլ չասենք, որ ազատ խոսքից սարսափող սույն պարոնը «դեղին» է որակում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք բացահայտում են իր «տժժիկները», իր եւ իր եղբոր ենթադրյալ կոռուպցիոն «հաղթանակները»։

Հաջորդն այս շարքում. կատարելով իրենց «հանճարեղ առաջնորդի» կամքը, նրան ամեն կերպ պաշտպանելու մոլուցքով տարված՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները նախաձեռնեցին եւ ընդունեցին օրենք, որով Քրեական օրենսգիրք ներմուծվեց հայհոյանքի քրեականացում նախատեսող «Ծանր վիրավորանքը» քողարկիչ անվան տակ մի հոդված (137.1)։ Իսկ վերնագիրը էդպես են դրել, որ կարկառուն օրենսդիր եւ մտքի գիգանտ հեղինակները ամեն անգամ, երբ քննադատեք հոդվածը, չքմեղանան, թե մեզ մոտ վիրավորանքը չի քրեականացվել, այլ ծանր վիրավորանքը։

Տողերիս հեղինակն այս հոդվածին մանրամասն անդրադարձել է՝ ցույց տալով դիլետանտների իրական նպատակը, նաեւ այն, որ հայհոյանքը չեն սահմանել, բայց դրա համար պատասխանատվություն են նախատեսել։ Ուստի հիմա երկար-բարակ չենք անդրադառնում, մանավանդ որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի քանի օր առաջ մանրամասն ու միանգամայն հիմնավոր ներկայացրել է այդ փոփոխության բոլոր վտանգավոր կողմերը։

Ահա վտանգներից մեկի մատնանշումը. «Հիմա այն վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի, այն էլ ծանրացնող հանցակազմով»:

Պաշտպանը նաեւ նշել է՝ «Դեռ հոկտեմբերին եմ դիմել Սահմանադրական դատարան ու միևնույն ժամանակ միջնորդել էի կասեցնել հոդվածի գործողությունը: Ցավոք, Բարձր դատարանը չկասեցրեց: Հիմա մենք լրացուցիչ հիմքեր ենք հավաքում, որ նորից դիմեմ` կասեցնելու համար: Խոսքը քրեական հետապնդումների ու մարդու անձնական ազատության իրավունքի, խոսքի ազատության, լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին է. կասեցումն այլընտրանք չունի»:

Տարին իսկապես աննախադեպ էր նաեւ ԱԺ-ում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու առումով։ Էլ տեղաշարժի սահմանափակումներ, էլ լրագրողական օթյակից դուրս անել, էլ ամբողջ կյանքում թաղում ծեծ կերած եւ հիմա իշխանություն ստացած դուրսպրծուկի հոգեբանությամբ սեփական «վեհությունը» ցուցանելու մոլուցքով աթոռներ հավաքել, էլ չասենք, որ ԱԺ-ում ամեն մի լրագրողի բաժին է հասնում անվտանգության առնվազն երեք աշխատակից...

Եվ վերջապես. տարվա ավարտին ԱԺ-ն ընդունեց մի խումբ դիլետանտների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» բազմիցս քննադատված օրենքը։ Դրա հեղինակներից մեկը (որին չգիտես ով ներշնչել է, թե ինքը ընդհանրապես բան է հասկանում լրատվամիջոցների գործունեության կարգավորումից եւ ինքնակարգավորումից) հայտարարեց, որ դա «աննախադեպ» է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում (այո՛, սրանց «աննախադեպությունը» սահմաններ չի ճանաչում)։ Քանի որ տողերիս հեղինակը պատրաստվում է առաջիկայում մանրամասն վերլուծելու այդ «աննախադեպ» տգիտությունը, առայժմ բավարարվենք միայն դրա հիշատակումով...»։

Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: