ՄԻԵԴ-ն Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 1-ը
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՄԻԵԴ–ի որոշմանը, ըստ որի` Ադրբեջանը պետք է մինչև դեկտեմբերի 1-ը ՄԻԵԴ-ին պատասխան տա գերեվարված 4 զինծառայողի մասին։
Ադրբեջանին ձեռնտու չէ բարդացնել իր շահերի ներկայացումը միջազգային դատական ատյաններում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը:: Ըստ այդմ` Ադրբեջանին ՄԻԵԴ-ի որոշմամբ մի քանի հարցեր են հղվել` արդյոք այդ մարդիկ գերեվարվե՞լ են, որտե՞ղ են պահվում, ի՞նչ բժշկական միջամտություններ են արվել, և արդյոք նրանց հայրենադարձնելու նպատակ ունե՞ն, թե՞ ոչ։ Այս հարցերին պատասխանելու համար Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 1-ը։
Սիրանուշ Սահակյանը պարզաբանեց` անհապաղ միջոցի կիրառման էությունը հայ ռազմագերիների կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանության ներքո վերցնելն է, նրանց գտնվելու վայրի ու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ պահանջելը։ Գերեվարումը պաշտոնականացնելը չափազանց կարևոր է հայրենադարձման տեսանկյունից։ Այստեղ դերակատարում ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը հարցումներ է իրականացնում, և երկշաբաթյա ընթացքում պետությունը հաստատում կամ հերքում է գերեվարումը։ Նմանատիպ գործընթաց իրականացվում է նաև ՄԻԵԴ–ի կողմից։
«Միջազգային իրավական գործընթացներն արդեն իսկ հիմքեր են ստեղծում, որ գերեվարված անձը միջազգայնորեն պաշտպանված լինի, և ցանկացած զարգացման պարագայում պետության պատասխանատվության հարց է դրվում, ուստի Ադրբեջանին ձեռնտու չէ բարդացնել իր շահերի ներկայացումը միջազգային դատական ատյաններում։ Դրա համար ՄԻԵԴ–ի որոշումը որոշակի առումով զսպաշապիկ հանդիսանում է։ Անգամ միջազգային դատարանի վարույթում գտնվող գործերով չենք բացառում արտակարգ զարգացումները, որովհետև միջադեպերի վրա ազդող բազմաթիվ գործոններ կան։ Եթե գործերի մասին պետությունն արդեն տեղեկացվում է, նշանակում է, որ նրանց իմացության տիրույթում է հարցի միջազգային բնույթը, հետևաբար ջանքեր են գործադրում, որպեսզի պետության վիճակն ավելի չծանրանա միջազգային գործընթացներում»,– ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` գերեվարված անձանց հարցերով զբաղվող իրավապաշտպանները կսպասեն, թե ինչ դիրքորոշում է արտահայտում Ադրբեջանը, որից հետո հանդես կգան հայտարարությամբ, առավել ևս, որ նրանք նախկինում էլ ներկայացրել են հաստատված թվեր, որոնք թեև չեն ընդունվում Ադրբեջանի կողմից, սակայն ապացույցներով հիմնավորելի են։
Անդրադառնալով ՄԱԿ–ի միջազգային դատարանի կողմից ակնկալվող որոշմանը` Սահակյանն ընդգծեց, որ երկու ամիսն այն ողջամիտ ժամկետն է, որի ընթացքում դատարանը որպես կանոն կայացնում է որոշումներ, և հավանականությունը մեծ է, որ մինչև Ամանոր այդ որոշումը կհրապարակվի։
Սահակյանը նշեց, որ որոշ հայտարարություններ կարող են արագացնել գործընթացը, բայց մյուս կողմից էլ երկարաժամկետ հեռանկարով արված որոշ արտահայտություններ կարող են բարդացնել այն։ Օրինակ` իրավապաշտպանն անընդունելի է համարում ականապատված տարածքների քարտեզների դիմաց գերիների վերադարձի հարցադրումը, ինչի դեպքում գերիների խնդրի լուծումը կախվածության մեջ է դրվում քաղաքական հարցերի օրակարգից, որում արդեն իսկ կան բարդ խնդիրներ։
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
«Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: