ՄԻՊ. Ադրբեջանական ԶՈւ-ն կրակոցներ է արձակել Արավուս գյուղի ուղղությամբ
Օգոստոսի 15-ի գիշերը՝ ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ: Տեղեկությունը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաև ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա:
Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու:
Նրանց անմիջապես դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերի` ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի և ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո:
Արավուս գյուղի ուղղությամբ ադրբեջանական այս գիշերվա կրակոցները հանցավոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
Այս փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի է խախտում է: Նրանք խախտում են նաև մարդկանց սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները:
Ակնհայտ է, որ մարդկանց իրավունքները հնարավոր կլինի ապահովել միայն անվտանգության գոտու պայմաններում»,–նշված է գրառման մեջ։
Նշենք, որ այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս հաղորդագրություն չի տարածել։