Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է
Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարը տեղի է ունեցել 18:30-ի հատվածում, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան «Պրադո» ջիպն է հարվածել կնոջը եւ դեպքի վայրից հեռացել, առանց օգնություն ցուցաբերելու: Այս մասին 168.am-ին պատմել է դեպքի ականատես Դանիել Դանիելյանը:
«18:30-ի սահմանում գործից տուն էի գնում, մի հատ գմփուն եկավ: Նիկոլ Փաշինյանի անձնակազմի «Պրադո» ջիպը, գայիշնիկի ավտոն, տեսա մի հատ գմփուն եկավ, ես ասի` ավտոավարիա եղավ, տեսա հղի ջահել աղջիկ էր, ես եմ իրերը հավաքել: Ես ականատես եմ, հազար տեղ կարող եմ ասել, ես վախենալու բան չունեմ»,-ասաց նա:
Ոստիկանությունը հաստատել է Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարի մասին տեղեկությունները:
«Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Հղի կինը 25 տարեկան է եղել, նա մահացել է, պտղին ևս չի հաջողվել փրկել: