Նախարարությունների ցանկը. օրենքի նախագիծ
ՀՀ ԱԺ դեռեւս գործող փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Ի դեպ, սույն նախագիծը ներքին շրջանառության համար է, այն դեռ պետք է քննարկվի եւ բնականաբար, նաեւ փոփոխությունների կենթարկվի:
Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝
- աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
- առողջապահության նախարարություն
- արդարադատության նախարարություն
- արտակարգ իրավիճակների նախարարություն
- արտաքին գործերի նախարարություն
- բնապահպանության նախարարություն
- կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
- պաշտպանության նախարարություն
- տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
- բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
- տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
- ֆինանսների նախարարություն
Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն:
Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը եւ կոչվելու է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն:
Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում: