Օգոստոսի 1-ից Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Նման որոշման նախագիծ ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2352 քաղաքացի, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: