Փաշինյան. «Ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ուժեղացնելն է»
Ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ուժեղացնելն է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շվեյցարական Դավոսում «Կերտելով ժողովրդավարության ապագան» քննարկմանը մասնակցելիս, որտեղ խոսել է Հայաստանի ժողովրդավարության մարտահրավերների մասին, անդրադարձել մամուլի ու կառավարությունների հարբերություններին:
Առաջին հարցն ուղղված էր ՀՀ վարչապետին. ո՞րն է ամենամեծ մարտահրավերը ժողովրդավարության ճանապարհին:
Հայաստանի վարչապետը հիշեցրեց՝ անցած տարի ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ և այժմ ժողովրդավարության մեծ հաջողություններ ունենք, իսկ մարտահրավերը՝ քաղաքացուն տնտեսապես ավելի ուժեղ և անկախ դարձնել է:
«Բանն այն է, որ մենք տարիներ շարունակ խնդիր ենք ունեցել ընտրակաշառքների հետ կապված: Իհարկե, վերջին հեղափոխությունը մարդկանց ժամանակավորապես ազատեց այս իրավիճակից,Այժմ մեր խնդիրներն է մեր քաղաքացիներին դարձնել տնտեսապես ավելի անկախ:
Մենք պատրաստվում ենք տնտեսությունում նոր ենթաբաժին ստեղծել՝ փոքր եւ միջին բիզնեսից բացի նաեւ միկրոբիզնես եւ փորձելու ենք այդ սեգմենտին ազատել հարկերից: Մենք փորձելու ենք բացատրել, որ աղքատությունը հաղթահարելու խնդիրը միայն պետությանը չէ ու մարդիկ էլ պետք է քայլ անեն: Մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ եւ օրենքի գերակայություն սահմանել:
Մենք հույս ունենք հրապուրել նոր օտարերկրյա ներդրողների, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ և օրենքի իրական գերիշխանություն հաստատել և մենք պատրաստվում ենք պարզեցնել օրենսդրական դաշտը՝ օտարերկրյա ներդրողներին հրապուրելու համար»: