Փաշինյան.Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան նորարարական տնտեսության զարգացման մեջ
Աշխատանքայն այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին, որն անցկացվում է «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո:
Լիագումար նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Նախագահ Սի Ծինփին,
Նախագահ Ռադև,
Վարչապետ Պելեգրինի,
Գլխավոր քարտուղար Գուտերեշ,
Ես կսկսեմ իմ ելույթը երախտագիտության ավանդական խոսքով՝ այս հանդիպման կազմակերպման, ինչպես նաև մեր երկրի զարգացման ճանապարհների ու այդ ուղղությամբ մեր կառավարության կատարած քայլերի մասին մտքերով կիսվելու հնարավորության համար։
Այսօր Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության կարևորագույն ժամանակաշրջանում: Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ բարձր լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Նրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն, որը հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:
Ո՞րն է այդ փոփոխությունների էությունը: Հակիրճ կարելի է ասել, որ դրանք ուղղված են մեր քաղաքական, պետական, տնտեսական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հայաստանը մի երկիր է, որը չունի ելք դեպի ծով, ունի սահմանափակ տնտեսական և բնական ռեսուրսներ, լոգիստիկ միջանցքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական հատկությունների առումով դժվար աշխարհագրական դիրք: Այս բոլոր դժվարությունները որոշակի ձևով խթանում են մեզ մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական գործողությունների:
Ի՞նչ է դա նշանակում մեզ համար:
Առաջին հերթին դա պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Կարող եմ վստահաբար ասել, որ այդ առումով մեզ արդեն հաջողվել է շոշափելի արյդունքների հասնել։ Արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան։ Երկրում նվազագույնին է հասցվել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։
Այնուամենայնիվ, մեր երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման ուղղությամբ գործողությունների ընթացքում մենք բախվեցինք մի հիմնարար խնդրի:
Երկրի դատական իշխանությունը, ի տարբերություն գործադիր և օրենսդիր ճյուղերի, որտեղ ինստիտուտների օպտիմալացման հարցում կա որակական առաջընթաց, որևէ շոշափելի փոխակերպման չի ենթարկվել: Արդյունքում, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության զգալի անկում է եղել: Եվ սա, իր հերթին, լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար:
Կապիտալի պաշտպանության, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ մեր բոլոր ջանքերը չեն բերի ցանկալի արդյունքի, եթե դատական համակարգը որակապես չփոխվի:
Հետևաբար, իսկապես անկախ, կոռուպցիայից ազատ դատական համակարգի ստեղծումն այսօր մեր հասարակության համար հրատապ խնդիր է և Հայաստանի կառավարության բարեփոխման ռազմավարության առաջնահերթություն:
Երկրորդն արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժի լիարժեք օգտագործումն է և միջազգային ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունը: Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է ինստիտուցիոնալ հասանելիությունը համաշխարհային տնտեսան կենտրոններին:
Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությանը և Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը: Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ առավել արդյունավետ մասնակցությանը: Այդ նպատակով մենք ամեն ջանք կգործադրենք համագործակցության մեխանիզմների բարելավման և մեր միության անդամների միջև ինտեգրացիան խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերում է նաև մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ին:
Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման հարցում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ նշել, որ վերջին ամսվա ընթացքում այս երկրի հետ մենք հասել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկայի, որն առանցքային դեր է կատարում համաշխարհային տնտեսությունում:
Որպես ԵԱՏՄ անդամ, մենք կարևորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի միջև: Ես առաջնային եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգակցման գաղափարի իրականացումը: Դա բավական տրամաբանական է և ռացիոնալ:
Ես նաև հեռանկարային եմ համարում ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա ցանկացած դեպքում, միջնաժամկետ հատվածում, նման համագործակցությունն իրագործելի է և նույնիսկ անխուսափելի:
Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել, որը մենք մտադիր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր բարեփոխումների նախագծման և իրականացման համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը որևէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանք լրացնում են միմյանց՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով:
Երրորդը` պետության մարդկային ներուժի առավել արդյունավետ օգտագործումն է: Մեր հիմնական կապիտալը մարդիկ են: Եվ մեր կառավարության գործողություններն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործարար ներուժի ազատ իրականացման համար պայմաններ ստեղծելուն: Եվ մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար:
Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան նորարարական տնտեսության զարգացման մեջ: Այն Հայաստանի նման պետության համար չունի այլընտրանք: Մեզ համար առաջնային է տեխնոլոգիական ոլորտը: Այս առումով մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի կրթությունը: Հայաստանը խորհրդային տարիներից ժառանգել է ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոց, և այսօր մենք ամեն ինչ անում ենք այդ ներուժը հնարավորինս համախմբելու և օգտագործելու համար:
Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 5 անգամ: Այն դարձել է երկրի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը և նրա ամենախոստումնալից ոլորտը:
Կրթություն և նորարարություն, համագործակցություն և ինտեգրում, իրավունքի գերակայության հաստատում և լավ կառավարում՝ ահա այստեղ մենք տեսնում ենք մեր հնարավոր առավելությունը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտագործել մեր ռեսուրսները և հասնել կայուն տնտեսական զարգացում ապահովող պայմանների:
Մենք գտնում ենք, որ Հայաստանն արդեն այդ ուղղու վրա է: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 9.2 տոկոսի: Մենք միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ պոտենցիալ ներդրողների համար կարգախոս ունենք ` հարստացեք և հարստացրեք:
Շնորհակալություն»:
Մինչ լիագումար նիստը Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով` ծանոթանալով մասնակից ընկերությունների գործունեությանը:
Շրջայցի ընթացքում վարչապետը հարցազրույցներ է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը, «Ռիա-նովոստի» գործակալությանը և չինական CGTV հեռուստաընկերությանը: