Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը նախատեսված է վաղը Բրյուսելում
Եվրոպական խորհրդի ղեկավարը վաղը Բրյուսելում նախ երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետի, ապա Ադրբեջանի նախագահի հետ, ինչից հետո` վաղը երեկոյան, Փաշինյանն ու Ալիևը կնստեն բանակցություններրի սեղանի շուրջ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ, այսօր «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Ըստ այդ աղբյուրի, բանակցությունների օրակարգի հիմնական հարցն է փոխվստահության մթնոլորտ ապահովել կողմերի միջև։
«Այժմ մենք շատ քրտնաջան աշխատում ենք մեր հայ և ադրբեջանցի բարեկամների հետ այն միջոցառումների վրա, որ կարող են ավելի ամրապնդել վստահությունը նրանց միջև՝ հիմնվելով մի քանի շաբաթ առաջ պաշտպանության նախարարների միջև նախագահ Միշելի միջնորդությամբ հաստատված ուղիղ հաղորդակցման կապի շատ հաջող մեկնարկի վրա»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը` կարծիք հայտնելով, թե «այդ ուղիղ կապի շնորհիվ արդեն հաջողվել է հասնել տեղում առկա լարվածության որոշակի դեէսկալացիայի»։
Անդրադառնալով վաղը կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ բարձրաստիճան դիվանագետը խուսափել է արդյունքների մասին կանխատեսումներից, ընդգծելով, որ քննարկումները դեռ շարունակվում են։
«Այս պահին դեռ շատ աշխատանք է արվում: Ինչպես գիտեք, Խորհրդի նախագահը հատկապես հանձնառու է գտնել ճանապարհ լարվածությունից դուրս գալու համար, և այս՝ նախապես համաձայնեցված հանդիպումը կարևոր քայլ է առաջ՝ այդ ուղղությամբ»,- «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը։