Փաշինյանը դեկտեմբերի 6-ին կլինի Սանկտ Պետերբուրգում
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում և ես մասնակցելու եմ այդ նիստին։ Այս մասին Մասիսում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես երեկ Արենի գյուղում մեկնաբանություն եմ տվել՝ կապված ՀԱՊԿ–ի՝ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովի հետ, բայց այդտեղ մի փոքր թյուրըմբռնում էր առաջացել իմ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնել–չմեկնելու հետ կապված։ Ես երեկ ասել էի, որ ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկենք, բայց, միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 6-ին ունենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու, եւ ես մասնակցելու եմ այդ նիստին»,– պարզաբանեց նա։
«Դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին, մենք քարոզչություն չենք իրականացնի, կլինենք աղետի գոտում, Գյումրիում կառավարության արտագնա նիստ կանցկացվի, ես նաև կայցելեմ Սպիտակ և Վանաձոր»,– եզրափակեց նա։