Պատմության այս օրը. ԱՊՐԻԼԻ 24 (ուղիղ)

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
1915 - Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923թթ Հայոց Ցեղասպանությանը:
1915 թ. այս օրը Օսմանյան Թուրքիայի իշխանությունները` Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ:
ՀՀ-ում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից: Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
2003 - Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը:
1995 - Էջմիածին է այցելել թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը։ «Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով»,- ասել է նա։
1985 - Հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ Ջորջ Դոքմեջյանի նախաձեռնությամբ Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
1966 - Ազգային Միացյալ Կուսակցությունը հիմնադրվել է 1966 թ. Ապրիլի 24-ին: ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը:
1965 - Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում սկսեց նշվել միայն 1965-ից: Երկու տարի անց Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի և վերապրածների հուշահամալիրը: Այդ կառույցի թույլատվությունը Մոսկվայից ստանալու հարցում կարևոր դեր կատարեց այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի առաջնորդ Յակով Զարոբյանը:
Խորհրդային Հայաստանի մեկ այլ առաջնորդի՝ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին, մտցվեց Ապրիլ 24-յան “Լռության րոպեն”:
Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց թանգարան, որը հետագայում անվանվեց թանգարան-ինստիտուտ: Թանգարանը բացվեց 1995-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի օրը: