«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՊՆ. Հայ–ադրբեջանական սահմանին անկանոն կրակահերթերը շարունակվում են

ՊՆ. Հայ–ադրբեջանական սահմանին անկանոն կրակահերթերը շարունակվում են

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշեցին նախարարությունից։

Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է Քարվաճառի շրջանում։

ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին, մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները լսելի են Կութ, Սոթք և Ազատ գյուղերում։

«Ըստ տեղեկությունների՝ կակոցները սկսվել են ժամը 17։00-ից և որոշակի ընդհատումներով շարունակվում են նաև այս պահին, տարբեր տրամաչափի զինատեսակներից են, ինտենսիվ են և ուղղված են դեպի հայկական զինված ուժերի դիրքերը։ 
Ընդ որում, ադրբեջանական զինված ուժերի դիրքերը, օրինակ, Կութ գյուղի անմիջապես հարևանությամբ են տեղակայված՝ մոտ 3 կմ հեռավորության վրա, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Կութի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից այսօր վիրավորվել է ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող», նշում է Թաթոյանը: