Փոխնախարարը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել պաշտոնից
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված իր պաշտոնանկությունը։
Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օրեր առաջ ինքն է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել վարչապետին։
«Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝
կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին:
Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով:
Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով:
Իհարկե ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ:
Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է:
Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար:
Շարժվում ենք առաջ:
Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»
Հիշեցնենք` փետրվարի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հակոբ Ավագյանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու որոշում էր կայացրել։
Ավագյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018 թ.–ի հուլիսի 17-ին։