ՔԿ-ն և Դատախազությունը հերքում են Hayeli.am-ի լուրը
ՀՀ քննչական կոմիտեն հերքում է Hayeli.am կայքում հրապարակված լուրն այն մասին՝ իբր մահից առաջ Հայկ Հարությունյանը վկաներին ասել է, թե Գլխավոր դատախազի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից իր վրա եղել են սուտ ցուցմունք տալու ճնշումներ:
«Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն».Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»:
Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:
Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:
Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը:
Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»:
Գլխավոր դատախազությունը ևս հերքել է լուրը:
Ներկայացնում ենք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարությունը.
«Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն:
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մամուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց, այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»:
Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող»:
Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Նշենք, որ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր առանցքային վկայի կարգավիճակով: