ՔԿ-ն ներկայացրել է զորամասի հրդեհի մանրամասները
ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի կացարանում երեկ տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ են պարզվել։
Ըստ Կոմիտեի ստացած նախնական տվյալների, զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում։ Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտի վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում։
Հունվարի 19-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը եղել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը, ինչպես կոմիտեն է նշում, հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։
Կոմիտեն հայտնում է, որ այս հանգամանքը փաստվում է վկաների տված ցուցմունքով, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։
Ըստ հաղորդագրության՝ վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։
Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։
ՔԿ-ն տեղեկացնում է, որ դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի արդյունքում թվով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող մահացել է: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայող և մեկ սպա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: