ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին
Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը: Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին:
«Սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման իրականացման խոչընդոտներից մեկը միջազգային-իրավական ակտերի բացակայությունն է, որի պատճառով կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտ է ձևավորվել», - ասել է Բիկանտովը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ սահմանին կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի աշխատանքների գործարկման և հետագա սահմանազատման միջոցով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետերը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով: