ՌԻԱ Նովոստի. «Թուրքիան ավելի քան 2000 սիրիացի գրոհային է ուղարկել Ղարաբաղից Ուկրաինա»
Թուրքիան սիրիացի գրոհայիններին, որոնք Հայաստանի դեմ 2020թ․ հակամարտությունից հետո մնացել էին Լեռնային Ղարաբաղում, ուղարկել է Ուկրաինա կռվելու։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է սիրիական ընդդիմության աղբյուրը։
«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2000 գրոհային էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ Հայաստանի դեմ 2020թ․ ռազմական գործողություններին մասնակցելու համար, եւ այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո այնտեղ էր մնացել։ Թուրքիան Ղարաբաղում մնացած Սիրիայից եւ այլ երկրներից գրոհայինների մի մասին ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա ժամանած գրոհայինները միացել են օտարերկրյա լեգեոնին, որը ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո ստեղծվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից։
Ըստ ԶԼՄ-ի՝ թուրքական հետախուզությունը 2020թ․ մոտ 2500 գրոհային է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, դրանցից 300-ը զոհվել է, իսկ մի մասը վերադարձել է Սիրիա։ Շուրջ 1000 մարդ մնացել է Լեռնային Ղարաբաղում։