Ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով
Ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ էքսպորտը»:
«Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», - նշել են ընկերությունում:
Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով։