Ռուսաստանի սահմանապահ զորքերը ավելացրել են իրենց ներկայությունը Սյունիքի մարզում
Հայաստանում ռուս սահմանապահները ծառայում են բազմապատիկ ավելի ծանրաբեռնվածությամբ: Այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում ռուս-հայկական բարեկամության հուշարձանի բացման ժամանակ:
Նրա խոսքով` սահմանապահների ծառայությունը բարդացել է` Հայաստանին վերջին շրջանում բաժին հասած փորձությունների հետ կապված:
Պայմանագրով նախատեսված պարտավորություններից բացի, Ռուսաստանի սահմանապահ զորքերը ավելացրել են իրենց ներկայությունը Սյունիքի մարզում:
«Մենք բոլորս գիտենք, թե որքան զգայուն է իրավիճակը Հայաստանի համար, և դուք շատ մեծ ներդրում եք ունենում այն հարցում, որ մարդիկ, ովքեր հայտնվում են ծանր, ողբերգական իրավիճակում, որոշակի վստահություն ունենան այսօրվա և վաղվա օրվա նկատմամբ: Շնորհակալություն դրա համար», - ռուս սահմանապահներին ուղղված իր ելույթում ասել է Կոպիրկինը:
Նշենք՝ ռուս-հայկական բարեկամության հուշարձանը կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության շենքի դիմաց: