Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է «չափազանց բացասական» հետևանքների մասին
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության առնչությամբ առկա «ողորմելի օրդերի համատեքստում», այս մասին մարտի 27-ին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի հռոմեական կանոնադրությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ վերջերս ՄՔԴ-ի անօրինական և իրավաբանորեն ոչինչ չներկայացնող «օրդերների» համատեքստում», - ասել է աղբյուրը:
Պետական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը նաև շեշտել է, որ հայկական կողմը զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։
Նշենք, որ Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը 1999 թվականի հոկտեմբերին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է ճանաչել:
Փաշինյանի կառավարությունը որոշել է վերանայել փաստաթուղթը։ Մարտի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։